Հայաստանում Ռուսական տանը անցկացվեց երեկո՝ նվիրված Սայաթ-Նովային, 18-րդ դարի մեծ հայ բանաստեղծին և երաժշտին։ Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային պոեզիայի օրվա առթիվ։ Երեկոն բացեց ճանաչված դերասան և Հայաստանում Ռուսական Տան առաջատար մասնագետ Արամ Գյուրջյանը՝ արտասանելով Սայաթ-Նովայի բանաստեղծություններից։
Ռուսական տան հանդիսատեսի առջև ելույթ ունեցան բազմագործիքային երաժիշտ Միքայել Ոսկանյանը, «Թառափ» տրիոն, «Նանե» պարային համույթը։ «Դուք գիտեք, Սայաթ-Նովայի անունն արդեն ամեն ինչ ասում է։ Մեծագույն երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, ով համարվում է հայկական մշակութային և հոգևոր ինքնության ամենավառ խորհրդանիշներից մեկը։
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, թե ինչպիսի գնահատական է տվել Սայաթ-Նովային մեր մեծ գրողը, բանաստեղծը, թարգմանիչ Վալերի Յակովլևիչ Բրյուսովը, ով թարգմանել է նրա ստեղծագործությունները ռուսերեն», – նշեց միջոցառմանը ներկա ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Սայաթ-Նովան ոչ միայն մեկ ժողովրդի, այլ ամբողջ մարդկության մշակութային ժառանգության մասն է։ «Կարծում եմ, որ շատ խորհրդանշական է, որ այս երեկոն անցկացվում է հենց այստեղ՝ Ռուսական տանը, ինչը ևս մեկ ապացույց է, որ մեր ժողովուրդներին կապում են շատ խորը մշակութային և հոգևոր կապեր։ Վստահ եմ, որ այս միջոցառումը կնպաստի այդ կապերի էլ ավելի ամրապնդմանը», – ընդգծեց Կոպիրկինը։