Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում աջակցելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։
Կոպիրկինն այս առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Իգոր Խովաևը բազմիցս եղել է տարածաշրջանում, բավականին ակտիվ աշխատել է այդ ուղղության վրա: Մի շարք եռակողմ պայմանավորվածություններ կան, որոնք, մեր կարծիքով, արդիական են մնում»
Նա նշել է, որ Զախարովայի հայտարարություններն այդ առիթով արտացոլում են ՌԴ–ի անփոփոխ դիրքորոշումը, մասնավորապես՝ Մոսկվան միշտ հստակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունն այն ծավալներով և ձևերով, որոնք պահանջված են կողմերի կողմից՝ նպատակ ունենալով աջակցել, նպաստել Հարավային Կովկասում ամուր խաղաղության հաստատմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ամուր կարգավորմանը։
Մեկնաբանելով Հայաստան ամերիկյան զինտեխնիկայի սպասվող ժամանակավոր տեղափոխման մասին հաղորդումները՝ ՌԴ դեսպանն ուշադրություն է հրավիրել այն լուրերի վրա, որ, ըստ մամուլի, այն նախատեսված է վարժանքներ անցկացնելու համար։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության՝ դեսպանն ընդգծել է արտաքին խաղացողների կողմից հարավկովկասյան տարածաշրջան առճակատման սխեմաներ ներգրավելու փորձը։
Նա ասել է. «Եթե դա տեղի է ունենում, ապա դա, իհարկե, մտահոգիչ պահ է, գործոն, որը հազիվ թե ծառայում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը»:
Ըստ Կոպիրկինի՝ Մոսկվայի մոտեցումն այն է, որ տարածաշրջանային խնդիրները լավագույնս լուծում են իրենք՝ տարածաշրջանի երկրները։
Հիշեցնենք, որ Զախարովան հայտարարել էր նաև, որ Մոսկվան օպերատիվ կերպով տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից զինտեխնիկա Հայաստան տեղափոխելու մասին ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ։