Դուք ասում եք՝ նախընտրական քարոզարշավին ինչ ասել ենք՝ կատարել ենք, օրինակ Հաղթանակի 40-ամյակի զբոսայգին. խորհուրդ կտամ վաղը այցելեք, կամ մտեք իմ «ՏիկՏոկ»-ի էջը, տեսեք ձեր սարքած այգին, արևային օրերին մի հոգի դուրս չի գալիս զբոսնելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով ն քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների կառուցում և վերանորոգում կետում թերակատարումը շուրջ 50% է։ Պաշտպանության ոլորտում 66% է կատարողականը, առողջապահությունը՝ 30 %-ով թերակատարել եք, Կենտրոնի թաղապետը 700 մլն դրամ է թերակատարել և այսպես շարունակ։ Ուզում եմ հասկանալ, որ ասում եք՝ կատարողականը շատ բարձր տոկոս է եղել, զեկուցողն էլ ասում է, թե չգիտի քանի տոկոս է եղել, հետևաբար՝ ձեզ ով է ասել, որ բարձր տոկոս է եղել»,- հարցրեց Մանուկյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը զեկուցողին՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանին, հարցրեց, թե որոնք են եղել քաղաքապետարանի առաջնահերթ երեք ուղղությունները, քանի որ «բաց ոճի շարադրություն» հիշեցնող զեկույցի մեջ չի տեսել այն։