00:00:00

Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյան

13:03, 18 մարտ 2025 Քաղաքականություն

Նուբար Աֆեյան: Նախ, այս անհիմն կալանքի ընթացքում նրան սահմանափակ չափով թույլ են տվել ունենալ հեռախոսային կարճ զանգեր։ Նրա վիճակի մասին ընտանիքը տեղեկանում է այդ ձևով։ Սա Ռուբենի երկրորդ հացադուլն էր։ Անցած տարի ապրիլին նա ևս 20 օր հացադուլի մեջ մնաց։ Այս վերջինի նպատակը կեղծ դատավարությանը մարդկանց ուշադրությունը հրավիրելն էր, քանի որ ի վերջո, եթե սա լիներ բաց դատական գործընթաց, նա կպաշտպաներ իրեն: Իրականությունն այն է, որ ֆիզիկական միակ այցելությունները եղել են Կարմիր Խաչի՝ ԿԽՄԿ-ի կողմից, որին Ադրբեջանը ըստ էության դուրս է հրավիրվել երկրից անցած շաբաթ: Այսպիսով, ԿԽՄԿ-ն դուրս է բերվում, ՄԱԿ-ի ԶԾ-ն ևս դուրս է հրավիրվել Ադրբեջանից, նույնը վերաբերում է նաև ՄԱԿ-ի ՓԳՀ-ին: Այսպիսով, ըստ էության, դուք ունեք փակ, ոչ թափանցիկ դատական գործընթաց:

 

Ինչ վերաբերում է վիճակին․ նա դիմանում է իր նկատմամբ վատ վերաբերմունքին, եղել են խոշտանգումների դեպքեր։ Սա շատ բարդ գործընթաց է և, ցավոք, այսօրինակ երկրներում սա սովորական երևույթ է։

CNN-ի մեկնաբան Պաուլա Նյուտոն: Ուզում եմ անդրադառնալ այս խաղաղության գործարքին, որը դեռ հեռու է վերջնական լինելուց, բայց Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների խոսքով երկու երկրները համաձայնել են խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կարող է վերջ տալ այս հակամարտությանը: Բայց այստեղ դեռ ակնհայտորեն կան լուրջ խոչընդոտներ: Պարզ չէ, թե այն երբևէ կստորագրվի, և ես ուզում եմ լսել նաև Ձեր կարծիքը, թե ինչպես կարող է սա անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի ճակատագրի վրա։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է։ «Միացյալ Նահանգները գովաբանում է Հայաստանին և Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները եզրափակելու համար: Սա երկու երկրների համար տասնամյակներ տևող հակամարտությունը հաղթահարելու հնարավորություն է՝ ավելի խաղաղ աշխարհ ունենալու նախագահ Թրամփի տեսլականին համահունչ: Եկել է խաղաղությանը հանձնառու լինելու, պայմանագիրը ստորագրելու, վավերացնելու և Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման դարաշրջան բացելու ժամանակը»:

 

Հավատո՞ւմ եք, որ մենք կտեսնենք այս տեսակի խաղաղության գործարքի վերջնականացումը, և ի՞նչ է դա նշանակելու գերիների ազատ արձակման համար: Լսե՞լ եք որևէ բան Թրամփի վարչակազմից այս մասին:

 

Նուբար Աֆեյան: Թրամփի վարչակազմը պաշտոնական երկու հայտարարություն է արել. մեկը, հենց նախագահ Թրամփի գրառումն էր սոցմեդիայում անցած աշնանը, որը պահանջում էր ազատ արձակել հայ քրիստոնյա գերիներին, երկրորդը նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի երեկվա գրառումն էր, որն ըստ էության ուներ նույն բովանդակությունը: Նա հորդորեց ստորագրել խաղաղության համաձայնագիրը, բայց, ամենակարևորը՝ դրանից առաջ, կամ որպես դրա մաս, ազատ արձակել քրիստոնյա գերիներին: Ինչպես նշեցի, Ռուբենը քաղաքական 8 բանտարկյալներից և 23 բանտարկյալներից մեկն է, որոնց ապօրինի կալանքի տակ է պահում Ադրբեջանը:

 

Այսպիսով, Թրամփի վարչակազմից եղել են հստակ, շատ ուղիղ ուղերձներ, և ինձ ու շատերի համար պարզ է, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կնքնելուց առաջ կամ դրա շրջանակում չի ենթադրում բանտարկյալների ազատ արձակում, լիովին հակասում է Թրամփի վարչակազմի առաջ քաշած մարտահրավերների հաղթահարման տրամաբանությանը և Ադրբեջանի պաշտոնյաներին ուղղված շատ ուղիղ կոչերին։ Տեսեք, կա պարտադրված խաղաղության համաձայնագրերի երկար պատմություն, որոնք կնքվել են ռազմական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո։ Այդպիսի համաձայնագրերը ցավոք երկար կյանք չեն ունենում։

 

Որպես սփյուռքահայ, ով 25 տարի բազմաթիվ գործեր է արել՝ օգնելով Հայաստանին զարգանալ ու հասնել անվտանգության ու բարգավաճման ավելի բարձր մակարդակի, պետք է ասեմ, որ թեև ես շատ կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, բայց այն պետք է լինի իսկական խաղաղության համաձայնագիր: Հարցեր են բարձրացվում այն մասին, թե արդյո՞ք սա երբևէ կստորագրվի, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործում է այս պատերազմը կամ այս հակամարտությունը ներքին նպատակներով, ու այդ ընթացքում այնտեղ ճնշում է ազատ արտահայտման բազմաթիվ դրսևորումներ: Իրականությունն այն է, որ այս համաձայնագիրը կարող է չստորագրվել, և եթե ստորագրվի, եթե այն բացառի բանտարկյալների ազատ արձակումը, ես չեմ կարծում, որ համաձայնության արժեքը թղթից ավելին կլինի։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31