00:00:00

Զինհաշմանդամները անարդարացի որոշման պատճառով չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները․ Դանիելյան

19:24, 17 մարտ 2025 Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

«Ինձ էին դիմել պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող զինծառայողները՝ հայտնելով, որ անարդարացի որոշման հետևանքով չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարները։

Նշեմ, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների համար նախատեսված է 12000 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակիցների՝ 5000 դրամ։

Բանն այն է, որ ի տարբերություն պատերազմի մասնակից զինծառայողների, որոնք զինվորական կենսաթոշակի հետ միասին ստանում են այս պարգևավճարները, զինհաշմանդամները կենսաթոշակի անցնելիս կանգնում են ընտրության առաջ՝ կամ ստանալ հաշմանդամության կարգի համար նախատեսված գումարը, կամ 5000-12000 դրամ կազմող պարգևավճարը։

Նշեմ, որ այդ գումարների միջև տարբերությունը չնչին է՝ ընդամենը 3000 դրամ, և նման երկընտրանքը վիրավորական է զինհաշմանդամների համար։

Առաջարկը ներկայացվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Համաձայնելով, որ որոշումն իսկապես անարդարացի է՝ խոստացել էին, որ կքննարկեն հարցը և, ամենայն հավանականությամբ, կվերանայեն որոշումը։

Մինչդեռ, գրությանս ի պատասխան հայտնում են․

«Առաջարկը բազմակողմանի քննարկվել է և դրա արդյունքներով տեղեկացվում է, որ նպատակահարմար չէ ստեղծել իրավական հիմքեր՝ Հավելվածի 5-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված պարգևավճարները միաժամանակ նշանակելու համար. Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման հավելվածում խնդրո առարկա դեպքում նպատակահարմար չէ կատարել փոփոխություններ (լրացումներ)»։

Իսկ որտե՞ղ մնացին վարչապետի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոստումները, որոնք տրվել են դեռևս տարիներ առաջ՝ զինհաշմանդամների հետ հանդիպումների ժամանակ։

Ի՞նչ է նշանակում՝ նպատակահարմար չենք համարում փոփոխությունները։ Սա՞ է պետության վերաբերմունքը պատերազմի մասնակիցների նկատմամբ։

Խնդրի մասին առավել ճշգրիտ պատկերացում կազմելու համար նշեմ, որ մեր առաջարկով, շուրջ 1000-1500 անձի պետք է տրվի 12000 դրամ, իսկ 7000-ին՝ 5000 դրամ։

Սա, վստահաբար, ահռելի գումար չէ, և շարունակելու եմ պահանջել, որպեսզի գրպանելու փոխարեն հատկացվեն այս մարդկանց հասանելիք գումարները»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31