Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի երաշխավորում, որ բանակցությունները կլինեն սպառնալիքներից զերծ, գրում է Mehr-ը։
Արաղչին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը և նրան ուղեկցող էմիրաթյան պատվիրակությունը չորեքշաբթի օրը Թեհրանում Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը փոխանցեցին Իրանին:
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ բանակցություններ վարելու «պատվի, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքների հիման վրա։
Աբբաս Արաղչիի խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ խնդիրները լուծելու համար նոր գաղափար է առաջարկվել։ Նա ասաց, որ հնարավոր են անուղղակի բանակցություններ։ «Բանակցություններն անուղղակի են ընթանում։ Եվրոպական երեք երկրների հետ կապի ալիք է ստեղծվել։ Մենք համագործակցում ենք պարոն Գրոսիի և ՄԱԳԱՏԷ-ի հետ և ունենք նոր գաղափար՝ լուծելու այն խնդիրները, որոնց մասին մտածում ենք»,- ասել է նա։
Չորեքշաբթի օրը, երբ ԱՄԷ պատվիրակությունն այցելեց Թեհրան՝ փոխանցելու Թրամփի ուղերձը, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին ասաց, որ Իրանի հետ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահի կոչը ոչ այլ ինչ էր, քան «համաշխարհային հանրային կարծիքը խաբելու» փորձ։