00:00:00

Բրինքը շնորհավորեց Փաշինյանին

19:49, 28 մայիս 2018 Աշխարհ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը մայիսի 27-28-ին ժամանել էր Հայաստան՝ հանդիպումներ ունենալու նոր կառավարության և քաղաքացիական հասարակության հետ: Վարչապետ Փաշինյանի հետ իր առաջին հանդիպման ընթացում տ-ն Բրինքը շնորհավորեց նրան այդ պաշտոնում ընտրվելու և իշխանության խաղաղ փոխանցման համար: Նա ողջունեց Վարչապետի ստանձնած հանձնառությունը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, և առաջարկեց ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հակակոռուպցիոն աշխատանքներում: Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքն արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննության առավ երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Նա շեշտեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման և դեպի Հայաստան հավելյալ ամերիկյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Տ-ն Բրինքը նկատեց, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը կարող է հարթակ հանդիսանալ նպատակների փոխադարձ առաջխաղացման հարցում իրական տեղաշարժեր ապահովելու համար: Տ-ն Բրինքը նշեց, որ Միացյալ նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը և կողմերի հետ ակտիվորեն աշխատելու է Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքը հանդիպեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ գովեստով արտահայտվելով վերջին շրջանի բողոքի ակցիաների խաղաղ հանգուցալուծմանը նպաստելու նրա ջանքերի մասին: Տ-ն Բրինքը շեշտեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է գործակցել Հայաստանի կառավարության հետ այնպիսի ծրագրերի շրջանակում, որոնք Հայաստանի ժողովրդի համար ձևավորում են տնտեսական հնարավորություններ, ամրապնդում են ժողովրդավարական հաստատությունները և բարելավում կենսամակարդակը: «Ամեն անգամ հաճույքով եմ գալիս Հայաստան և այս այցի ընթացքում էլ այն կրկին աչքի ընկավ իր ամենաազդեցիկ ու ամենակարևոր ռեսուրսով՝ իր մարդկանցով: Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը և ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր այսպիսի մեծ նվիրումով ու ջանասիրությամբ ձգտում են կերտել իրենց երկրի պայծառ ապագան», - ասաց տ-ն Բրինքը երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում: Պետքարտուղարի փոխտեղակալ Բրինքը իր շնորհավորանքներն է հղում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին 1-ին հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր