Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծառայությանը հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ երկրի պետական սահմանը պաշտպանելու և սահմանամերձ շրջաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, տեղեկացնում է Известия-ն։
Նշվում է, որ Պուտինը, մասնավորապես, ասել է. «Մենք պետք է շարունակենք մեծացնել սահմանների պաշտպանվածության խտությունը հնարավոր վտանգավոր տարածքներում՝ համագործակցելով բանակային ստորաբաժանումների, Ռուսաստանի ազգային գվարդիայի և ՆԳՆ ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ՝ սահմանամերձ բնակավայրերում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»։
Պուտինը ԱԴԾ-ից պահանջել է նաև վճռական և հարձակողական պայքար մղել ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: ՌԴ նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել գերատեսչության հակաահաբեկչական ներուժի մեծացմանը ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում։
«Հենց այնտեղ տեղակայված ստորաբաժանումներն են պայքարում Կիևի ռեժիմի դիվերսիոն խմբերի դեմ»,-շեշտել է Պուտինը։
Դրանից բացի՝ ՌԴ նախագահը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ակտիվության և տեխնիկական հագեցվածության աճը։ Նա հավելել է, որ հակահետախուզության մարմինների առջև ծառացած են կարևոր խնդիրներ։