Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նախապատրաստական լսումներ են տեղի ունեցել ադրբեջանցի հետազոտող, խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամեդովի քրեական գործով:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա մեղադրվում է «պետական դավաճանության» համար։
Այսօրվա նիստում դատարանը չի բավարարել նրա պաշտպան Զիբեյդա Սադիգովայի՝ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։ Փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի քրեական գործը կարճելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Սամադովին առաջադրված մեղադրանքն անհիմն է, նրան ձերբակալել են առանց ապացույցների։
«Բահրուզի հեռախոսից խլել են նրա նամակագրությունը երեք հայ կանանց հետ։ Նրանք դա կցել են գործին որպես ապացույց։ Այս խոսակցության մեջ չկա որևէ բան, որը կարող է դավաճանության հանցագործություն լինել»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ Սամեդովի ձերբակալության պատճառն այն է, որ նա պատերազմի հակառակորդ է, ինչն արտացոլված է նաև նրա դեմ հարուցված քրեական գործում։
Բահրուզ Սամեդովը հայտարարել է, որ հացադուլ է սկսում՝ ի նշան իր ապօրինի կալանավորման դեմ բողոքի։
Նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 7-ին։