00:00:00

Հարավային Կովկասի ժողովուրդներն արժանի են խաղաղության. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին

20:10, 20 փետրվար 2025 Արտաքին քաղաքականություն

 

 

Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Թոբիաս Վինկլերին՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ արտահայտած իր լավատեսության համար: Սակայն բավականին մտահոգիչ է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են խաղաղության ու կարգավորման շուրջ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այս քննարկման մեջ նոր տարրեր է ներառում՝ հակամարտության նարատիվներին համահունչ:

Սակայն այսօր ես չեմ հակադարձելու համանման նարատիվներով եւ հռետորաբանությամբ, ոչ թե այն պատճառով, որ չունեմ հակափաստարկներ, այլ որովհետեւ ես հավատում եմ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է խաղաղությանը: Հայերը եւս մեծ տառապանքներ են տեսել Ադրբեջանի պատճառով, որը խախտել է մարդու իրավունքները եւ միջազգային մարդասիրական իրավունքը: Բայց ես, կրկին, չեմ անդրադառնա դրանց՝ հանուն խաղաղության եւ հանուն ապագայի:

Տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչպես արդեն նշել է իմ գործընկերը, Հայաստանն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել, եւ մենք սպասում ենք արձագանքի: Նույնը վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը: Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է գրավոր առաջարկ՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ չափանիշների վրա: Կրկին, մենք սպասում ենք դրական արձագանքի:

Հարավային Կովկասի ժողովուրդները եւ ապագա սերունդներն արժանի են խաղաղության եւ արժանի են ապրելու կայունության պայմաններում: Մենք՝ քաղաքական գործիչներս, այս հարցում մեր պատասխանատվության բաժինն ունենք: Իմ առաջարկն է՝ խոսենք խաղաղության մասին, ոչ թե պատերազմի:

Շնորհակալություն»:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30