ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «հաջողակ կատակերգու» է անվանել։
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Պարզապես մտածեք, որ համեստորեն հաջողակ կատակերգու Վլադիմիր Զելենսկին համոզել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք պետք չէր սկսել, բայց որը նա, առանց ԱՄՆ-ի և «Թրամփի«, երբեք չէր կարողանա կարգավորել»:
Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգները 200 միլիարդ դոլարով ավելի շատ գումար է ծախսել, քան Եվրոպան։ «Եվրոպայի փողերը երաշխավորված են, մինչդեռ Միացյալ Նահանգները դրա դիմաց ոչինչ չի ստանա: Ինչու քնկոտ Ջո Բայդենը չպահանջեց հավասարեցում, չէ որ այս պատերազմը Եվրոպայի համար շատ ավելի կարևոր է, քան մեզ համար. մեզ բաժանում է մեծ, գեղեցիկ օվկիանոսը: Բացի դրանից՝ Զելենսկին խոստովանում է, որ իրեն ուղարկած գումարի կեսը «անհետացել է»։ Նա հրաժարվում է մասնակցել ընտրություններին, Ուկրաինայում հասարակական կարծիքի հարցումներում շատ ցածր արդյունքներ ունի»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի բնորոշմամբ՝ լինելով «բռնապետ»՝ Զելենսկին պետք է արագ գործի, հակառակ դեպքում նա երկիր չի ունենա։ «Միաժամանակ, մենք հաջողությամբ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար, ինչը, անկասկած, կարող են անել միայն «Թրամփն» ու Թրամփի վարչակազմը։ Բայդենը երբեք չի փորձել, Եվրոպան չի կարողացել հասնել խաղաղության։ Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերվել է, միլիոնավոր մարդիկ զուր են մահացել, և այդպես էլ շարունակվում է… »,- գրել է Թրամփը։
Նշենք, որ Զելենսկին մամուլի ասուլիսում պատասխանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը,, թե իբր ինքը Ուկրաինայի քաղաքացիների շրջանում 4 տոկոս վստահության վարկանիշ ունի։ Նա նշել է, որ չի մեկնաբանում սոցիոլոգիական հարցումները, սակայն հիշեցրել է, որ վերջին հարցումներով՝ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։