Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները վաղը կհանդիպեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում և կքննարկեն երկկողմ հարաբերությունների վերականգնմանը, ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև բանակցությունների կազմակերպմանը, ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի մեկնարկին վերաբերող հարցեր։ Տեղեկությունը ռուսական Առաջին ալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա մանրամասնել է, որ հանդիպումից առաջ կապ է հաստատել ամերիկյան պատվիրակության հետ, որը մասնակցելու է Էր Ռիադում սպասվող բանակցություններին։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը Յուրի Ուշակովից բացի, մասնակցելու է նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ տնտեսական հարցերի շուրջ քննարկմանը մասնակցելու է նաև Ռուսաստանի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեվը։