Համոզված եմ, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ այն ուղերձը հնչել է, որ մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորենք, որ մարդիկ չմտածեն՝ վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ ԵՄ անդամության թեկնածու։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Եվրամիությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կարևոր քայլ է, որ մենք ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենանք։ Սա նաև անվտանգային առումով կարևոր կոմպոնենտ է. այդ բալանսները ազդեցություն են ունենում նաև անվտանգային միջավայրի վրա»,-նշեց նա։