Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն է տվել Ռուսաստանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման գործում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրին, տեղեկացնում է Коммерсантъ-ը:
Նշվում է, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2024 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ համաձայնագրին հավանություն տալու մասին հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ համաձայնագրի դրույթների իրականացումը վստահվել է երկրի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պետք է Մոսկվային տեղեկացնի նախագծի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին։
Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմը դեռ չի հաստատել համաձայնագիրը:
Հաղորդվում է նաև, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2000 թվականին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև։ Ավելի ուշ դրան միացել են Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Օմանը, Թուրքիան, Սիրիան, Տաջիկստանը և Ղրղզստանը։ Տրանսպորտային միջանցքը ձգվում է Սանկտ Պետերբուրգից մինչև հնդկական Մումբայ քաղաք։