00:00:00

Վրաստանի վարչապետը Եվրամիությանը արդարության եւ իրենց խնդիրներով զբաղվելու կոչ է արել

19:14, 08 փետրվար 2025 Աշխարհ

Ես չգիտեմ, թե ինչ երկխոսության մասին է խոսքը, երբ ընդդիմադիր այս կուսակցություններն իրենք են հայտարարություն գրել, նկատի ունեմ, Deep State-ի թելադրանքով, խորհրդարանը լքելու մասին եւ դուրս են եկել խորհրդարանից, դրանից հետո ինչ երկխոսության մասին կարող է խոսք լինել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսպես է մեկնաբանել ԵՄ բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի երեկվա հայտարարությունը, որը վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսությանը, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։

Նրա կարծիքով՝ Եվրամիությունն այսպիսի վերաբերմունքով շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ։

«Գիտեք, որ երեք ընդդիմադիր կուսակցություններին թելադրել են պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարություններ գրել, նրանց հանել են խորհրդարանից, եւ հիմա մեզ հետ խոսում են կուսակցությունների հետ երկխոսության մասին։ Ես չգիտեմ, թե այս առումով ինչ գնահատական պետք է տրվի։ Ինչ վերաբերում է ՀԿ-ներին, ապա այդ «ՀԿ»-ների՝ Deep State-ի կոնկրետ ուժերն օգտագործվում են Վրաստանում իրավիճակը խաթարելու համար։ Բոլորը տեսան, որ այլեւս չեն կարողանալու հեղափոխություն կազմակերպել։ Բացարձակապես բոլորն ամեն ինչ տեսնում են, բայց մեկ նպատակ ունեն՝ գուցե մի փոքր դանդաղեցնել տնտեսական աճը եւ այլն։ Իհարկե, մենք դա էլ թույլ չենք տա։ Ուստի զարմանալի է, երբ կոնկրետ մարդիկ մտահոգված են, որ մենք թույլ չենք տա, որ այս երկրում տնտեսությունը դանդաղի` ատելություն սերմանելով: Երբ դա անում են ԵՄ բյուրոկրատիայի բարձրաստիճան անդամները, դա ավելի ապշեցուցիչ է:

Կոչ եմ անում բոլորին վերանայել իրենց վերաբերմունքը, այդ թվում՝ պրագմատիկ նկատառումներով։ Այս կեցվածքով Եվրամիությունը սխալ ուղղությամբ է գնում։ Այս ամենի արդյունքը քաղաքական ճգնաժամն է, որը կա Եվրամիությունում, եւ տնտեսական խնդիրները, որոնք այսօր ստեղծվում են Եվրամիությունում։ Միտումները շատ բացասական են։ «Կոչ եմ անում բոլորին արդար լինել մեր երկրի, Վրաստանի, վրաց ժողովրդի, հետեւաբար եւ Վրաստանի իշխանությունների հանդեպ եւ ավելի շատ մտահոգվել Եվրամիության առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմամբ, խոսքը ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական խնդիրների մասին է»,- ասել է վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր