00:00:00

Սևակ Արզարունին ու Վարդան Սրմաքեշը անտուն են թողել հարյուրավոր ընտանիքներ

15:40, 30 հունվար 2025 Հասարակություն

Երևանի «Նուռ» բնակելի համալիրր մի քանի տասնյակ բնակիչներ նամակով դիմել են Irakanum.am–ի խմբագրություն՝ խնդրելով հանրայնացնել կիսակառույցների խնդիրը։ Ստորև ներկայացնում ենք նրանց բողոքը։ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Նուռ» բնակելի թաղամասը անավարտ է մնացել երկու գործընկերների միջև եղած տարաձայնությունների պատճառով։ 18 ու 14 հարկանի երկու կիսակառույցները անտուն են թողել հարյուրավոր ընտանիքներ, որոնց մեծ մասը Սիրիայի, Լիբանանի, Արցախի մեր հայրենակիցներն են, ովքեր բնակարանները գնել են հայրենադարձվելու նպատակով։ Սակայն արդեն մի քանի տարի է մարդիկ ստիպված են վճարել և հիփոթեքը, և վարձով բնակարանների վճարը։ Համալիրը կառուցում է «Արծաթ» ՓԲԸ-ն, որի սեփականատերերն են սփյուռքահայ գործարար Սեւակ Արզարունին (Արծրունին) ու շվեցարահայ մեծահարուստ Վարդան Սրմաքեշը։ Արզարունին արդեն 5 տարուց ավել է չի կարողանում ավարտին հասցնել շինարարությունը, չնայած որ «Արմսվիս» բանկից, որն էլ պատկանում է նույն Սրմաքեշին, ստացել է շինարարության համար անհրաժեշտ ամբողջ գումարը։

Բացի դա նա կանխիկ գործարքով բնակարան գնած քաքաղացիներից ևս ստացել է մեծ քանակությամբ գումար ու նաև բանկից մի քանի անգամ ստացել է վերաֆինանսավորում, բայց ստացված միջոցները, որոնք, ըստ մասնագետների, բավարար էին 4-5 բազմաբնակարան շենք կառուցելու համար, չի ծառայեցրել իր նպատակներին։ Դրա փոխարեն այլ տեղերում ևս գնել է հողատարածքներ, կատարել է հիմքի փորման ու շինթույլտվություն ստանալու աշխատանքներ։ Խոսքը Դավթաշեն վարչական շրջանի «Եռանդ» բնակելի համալիրի մասին է, որտեղ Արզարունին նույնիսկ հասցրել է բնակարաններ վաճառել մարդկանց։ Եվս մեկ անգամ կուզենայինք նշել, որ այս միջոցներով նա պետք է ավարտին հասցներ «Նուռ» բնակելի համալիրի երկու կիսակառույցները, բայց հակառակ նոտարով հաստատված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների՝ խաբել է հարյուրավոր մարդկանց ու թողել առանց բնակարանների։

Սևակ Արզարունին ու Վարդան Սրմաքեշը ունեն բիզնես-շահերի հետ կապված տարաձայնություններ, ինչի պատճառով Արզարունին, որից էլ բնակիչները պահանջում են բնակարանները, ամենօրյա ռեժիմով խաբում է նրանց՝ խոստանալով այսօր-վաղը վերսկսել շինարարությունը։ Սա շարունակվում է արդեն 5 տարուց ավել։ Բնակիչները ամեն օր լսում են խոստումներ ու խնդրանքներ չդիմել դատարան ու այլ պատկան մարմիններին՝ խոստանալով մոտակա օրերին սկսել շինարարությունը, բայց խոսքերը այդպես էլ գործ չեն դառնում։ Ըստ Արզարունու, այս պահին ամեն ինչ կախված է Սրմաքեշի ստորագրությունից, որը գերծանրաբեռնված է ու ժամանակ չի գտնում, որպեսզի ստորագրի անհրաժեշտ փասթաթղթերը։ Ստացվում է, որ Սրմաքեշն ու Արզարունին թքած ունեն այն հանգամանքի վրա, որ հազարավոր մարդիկ, որոնք միլիոնավոր դոլարներ են տվել այս բիզնեսմեններին, անտուն են մնացել։

Բնակիչները դիմում են կառավարությանը ու խնդրում միջոցներ ձեռնարկել լուծելու այս խնդիրը։ Բացի այդ, դիմում ենք գլխավոր դատախազությանը ու պահանջում ընդունել սա որպես հանցագործության մասին հաղորդագրություն ու գործ հարուցել Սևակ Արզարունու դեմ միլիոնավոր դոլարների շորթման ու խաբության համար։ Խնդրում ենք չանտեսել հազարավոր մարդկանց խնդրանքը ու օրենքի սահմաններում միջոցներ ձեռնարկել լուծելու այս խնդիրը։

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28