Ադրբեջանում այսօր՝ հունվարի 29-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով և կեղծիքներով՝ ասվում է «Кавказский узел» լրատվամիջոցի հրապարակած նյութում։
Բաքվի Նասիմի շրջանի քաղաքային խորհրդի անդամության թեկնածու, ակտիվիստ Ջամիլա Ալիշևան հայտնել է, որ տարբեր ընտրատեղամասերում քվեարկել են նույն մարդիկ, արձանագրվել է նաև քվեաթերթիկների լցոնումներ։
«Այսօր արդեն առավոտից ընտրությունների ժամանակ արձանագրել ենք «կարուսելային քվեարկության» դեպքեր։ Դրանցում ներգրավված են նաև կանայք և երեխաներ։ Մասնավորապես, նման փաստեր են հաստատվել նույն շենքում տեղակայված ընտրատեղամասերում։ Մենք ունենք որոշ դեպքերի տեսաապացույցներ։
Օրինակ՝ ԿԸՀ-ի ընտրատեղամասերում տեղադրված վեբ-տեսախցիկների տեսագրությունները ցույց են տվել, թե ինչպես է կինը երեխայի հետ քվեարկում սկզբում թիվ 12, այնուհետև՝ 23-րդ Նասիմի-Սաբայիլ ընտրատարածքի թիվ 13 ընտրատեղամասում: Բացի այդ, տեսագրված են, թե ինչպես են երկու կանայք քվեարկում նախ՝ նույն թաղամասի 28-րդ, ապա՝ 29-րդ ընտրատեղամասում։ Նույն թաղամասի 14-րդ տեղամասում տղամարդը քվեաթերթիկներ է գցում նախ մի քվեատուփի մեջ, այնուհետև մյուսի։ Եվ հետո հանձնաժողովի անդամը թափահարում է քվեատուփը, որպեսզի գցված քվեաթերթիկները «ցրվեն» և տեսանելի չլինեն, որ դրանք կույտով են նետվել»,- ասել է Ալիշևան։
Նա տեսանյութը տարածել է սոցիալական ցանցի իր էջում։
23-րդ Նասիմի-Սաբայիլ շրջանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Ալիշևայի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ընդդիմադիր «Մուսավաթ» և ReAl կուսակցությունները որոշել են մասնակցել ընտրություններին` չնայած երկրում քաղաքական մրցակցության բացակայությանը և տեղական ինքնակառավարման ինստիտուտի անկատարությանը։ «Кавказский узел»-ի կողմից հարցված Ադրբեջանի բնակիչները խոստովանել են, որ չեն վստահում թեկնածուներին և կասկածում են քվեարկության արդյունքների արդարությանը։
Քաղաքային ընտրությունների նախօրեին ResPlatforma շարժումը հայտարարություն է տարածել, որում արձանագրել է Ադրբեջանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար երկրում պայմանների բացակայությունը և իշխանությունների կողմից ընտրությունների բոլոր իրական ատրիբուտների ոչնչացումը։