00:00:00

Ինչից է վախենում Փաշինյանը, ինչ ցուցմունքներ կարող են կորզվել Բաքվում գերիներից․ «Հրապարակ»

10:25, 28 հունվար 2025 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ աշխատող Հայաստանի պետական քարոզչամեքենայի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը իր վերջին  հարցազրույցում հայտարարեց, թե այդ դատաքննությունը Հայաստանի Հանրապետության դեմ է օգտագործվելու եւ հերքեց քննադատությունները, թե «ոչինչ չեն անում» Բաքվում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների ազատման, վերադարձի ուղղությամբ․ 

«Ես որևէ մեկին իմ հակառակորդը չեմ համարում այնտեղ գտնվող: Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվում է և օգտագործվելու է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար», հայտարարեց Փաշինյանը` բոլորովին այլ տեսանկյունից մեկնաբանելով խնդիրը: Նա ոչ միայն ցավ չի հայտնում, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտում անմարդկային կտտանքների են ենթարկվում եւ ուղղակի անբարոյական է Արցախի անկախության համար պայքարած մարդկանց բանտում պահելը` միայն նրա համար, որ ցանկացել են անկախ երկրում ապրել, այլեւ Արցախի ղեկավարների կալանավորման հետ կապված միայն մի տագնապ ունի` դա նպաստելու է արդյոք տարածաշրջանում էսկալացիային եւ ինչպես են նրանց կալանքն օգտագործելու իր դեմ: Հաջորդ նախադասությամբ նա իր մյուս վախերն էլ է բացահայտում․ 

«Մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից... Այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ։ 

Մենք շատ մտահոգված ենք այդ գործընթացով», - հայտարարեց նա` Հայաստանի Հանրապետություն ասելով նկատի ունենալով թերեւս ինքն իրեն: Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը, հիշեցնենք՝ մեկնարկեց  հունվարի 17-ին, զարմանալիորեն` ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ ՀՀ բարձրաստիճան ղեկավարներից որեւէ մեկը բառ անգամ չասաց այդ մասին, ինչպես չեն խոսում արդեն մեկուկես տարի։

Ռազմագերիներին վերադարձնելու հարցը կարծես առաջնահերթություն չէ Փաշինյանի կառավարության համար, The Armenian Report-ին տված հարցազրույցում նման կարծիք էր հայտնել մեկ տարուց ավելի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը:

Հիշեցնենք նաեւ, որ Ալիեւի հետ ԲՐԻԿՍ-ի համաժողովում հանդիպումից հետո Փաշինյանը ՔՊ-ի հետ փակ նիստի ժամանակ խոստովանել էր, որ չի զբաղվում Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների խնդրով: Պատմել էր, որ Ալիեւը երբ հարցրել է, թե` ինչու չեք պահանջում Ռուբեն Վարդանյանին, ինքն ասել էր` գիտի, որ չի տալու դրա համար էլ չի պահանջում, Ալիեւը հակադարձել էր` իսկ ուրիշները պահանջում են... Ի դեպ, Հանրայինին տված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին խոսելիս չի օգտագործում ոչ գերի, ոչ պատանդ, ոչ ռազմագերի եզրույթները, նրանց մասին ընդամենը նետում է՝ «այդ մարդիկ» ձեւակերպումը:

Ի վերջո, ինչից է անհանգստանում Փաշինյանը եւ ինչ է նշանակում` գերիներից հոգեներգործուն դեղամիջոցներով ցուցմունքներ են կորզելու` ի վնաս Հայաստանի: Քաղաքական որոշ շրջանակներ ակտիվ տարածում են, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարները ցուցմունքներ են տալիս, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի տարածքից եւս ռմբակոծել են ադրբեջանական խաղաղ բնակավայրերը, Ալիեւն էլ դա փորձում է Հայաստանի դեմ էսկալացիայի հիմք դարձնել։ Անգամ խոսվում է, որ ամիսներ առաջ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Ադրբեջանը անոնսեց, բայց չհեռարձակեց նույն շանտաժով, որին հաջորդեց Կիրանցից տարածքների զիջումը։

Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ պետական քարոզչամեքենան առաջին իսկ օրվանից աշխատել է Արցախի պատանդառված ղեկավարության դեմ, նրանց ներկայացրել են իբրեւ Արցախի կործանման մեղավորներ, որոնք արժանի են իրենց կարգավիճակին, մի՞թե չեն գիտակցել, որ այդ դատավարությունը ՀՀ-ի դեմ է ուղղվելու։ Այդուհանդերձ, Մարուքյանը շարունակում է պնդել, որ ադրբեջանական բանտերում անօրինական կերպով պահվող Արցախի ներկայացուցիչների ցանկացած ցուցմունք համարվում է անթույլատրելի ապացույց և չի կարող Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորված որևէ մեղադրանքի հիմք հանդիսանալ․ 

«Նրանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նախկին և ներկա, ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներն են։ Բացի առօրյա նվաստացուցիչ տեսարաններից, ադրբեջանական քարոզչությունը լուրեր է տարածում նաև այս կամ այն անձի իբր տված ցուցմունքների մասին։ Նախ ուզում եմ նշել, որ ցանկացած պատանդի կամ գերու ցուցմունքը համարվում է անթույլատրելի ապացույց և չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեղադրանքի համար, քանի որ ադրբեջանական հատուկ ծառայությունները այդ ցուցմունքները ստանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ»,- նշում է Մարուքյանը։

Իսկ եթե ՀՀ իշխանություններն, իսկապես, ցանկություն ունեն վերադարձնել ադրբեջանական բանտերում պահվող հայ մարդկանց, ապա պետք է որպես պայման «ԵԱՀԿ Մինսկի խմբի» լուծարման համար առաջ քաշեն նրանց ազատ արձակումը։ «Գոնե սա կարելի է, չէ՞, պահանջել Ալիևից, որը միշտ երազել է «Մինսկի խմբի» լուծարման մասին»։

Դատավարության կադրերից կարելի՞ է արդյոք որոշել՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հոգեներգործուն միջոցների ազդեցության տա՞կ են, թե՞ ոչ, արտաքինից դա նկատվո՞ւմ է, հարցրեցինք ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանին: Նման միջոցների գործածումը «մարդու արտաքին տեսքի փոփոխություն է առաջանում, քնկոտություն, խոսքի փոփոխություն, մասնագետների համար դա կարող է տեսանելի լինել», ասաց Նազինյանը: Տեսե՞լ եք դատավարության լուսանկարները, ի՞նչ կարող եք ասել․ «Այդ ֆոտոները այնքան ոչ մանրակրկիտ են, որ դժվար է ինչ-որ բան ասել»: «Հոգեներգործող միջոցներ կան, բնականաբար, առաջացնում են մտածողության խանգարումների, հոգեկան ֆունկցիաների խանգարման, գիտակցության խանգարման, բայց կարեւոր է նշել, որ կան միջոցներ, որ ինչ-որ պահ հետո դրանց ազդեցությունն անհետանում է», ասաց Նազինյանը՝ նկատելով, գուցե ցուցմունքներ կորզելու ժամանակ են այդ միջոցն օգտագործվում, ոչ թե դատաքննության։

Չենք բացառում, որ Փաշինյանը պատրաստվում է հերթական զիջումներին եւ փորձում է այս թեման շահարկելով արդարացնել իր քայլերը: Գուցե նաեւ վախենում է, որ արցախյան ղեկավարությունը շատ ավելին գիտի, քան հայ հասարակությունը եւ երբ նրանք սկսեն խոսել, իր աթոռն ավելի շատ կերերա: Եւ նման հայտարարությամբ նախապատրաստում է մեր հանրությանը, որ ինչ էլ լսենք` վերագրենք նման միջոցների ազդեցությանը եւ չհավատանք:

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հերքել է Փաշինյանի ասածները, թե` այդ պնդումները «հիմք չունեն և ծիծաղելի են»:

 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31