Բաթումում կիրակի անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ութ մարդ է բերման ենթարկվել, լրագրողներին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետը, գրում է akhaltskha.net-ը:
«Նրանք մեղադրվում են վարչական իրավախախտումների՝ ոստիկաններին վիրավորելու և դիմադրություն ցուցաբերելու համար», — ասել է Իրակլի Ջեբուաձեն:
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Աջարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցում իրավիճակը սրվել է, երբ Թբիլիսիից ժամանած ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդներ Ելենա Խոշտարիան և Գիորգի Կիրթաձեն միացել են ցուցարարներին ու կոչ արել անհնազանդություն ցուցաբերել ոստիկանությանը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են: Նախօրեին Բաթումում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել նաև տասը մասնակից, որոնցից չորսն ազատ են արձակվել՝ առաջիկա օրերին դատարան ներկայանալու պայմանով։
Կիրակի ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են եղել նաև Թբիլիսիում, «Բաբիլո» ռեստորանի մոտ, որտեղ դատավորների կորպորատիվ հանդիպում է ընթացել: Բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել։ Ցույցեր են եղել նաև Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։