Փալիսադեսում այրվում է մոտ 15.000, իսկ Փասադենայում՝ մոտ 10000 հա տարածք․ Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված հրդեհի մասին մանրամասներ է հայտնել այս պահին Փասադենայում գտնվող հայ գիդ Կարինե Փանոսյանը։
«Այս պահին շարունակում ենք գտնվել հյուրանոցում։ Մենք լավ ենք, բայց հոգնած, լարված, հատկապես երեխաները։
Կրակը մեր թաղամասից նահանջել է, սակայն չի մարել։ Այն հոշոտում է ամեն ինչ, ամայացնում ու տարածվում այլ ուղղություններով։
Դեռ վերադառնալ չենք կարող, վտանգ դեռ կա, ինչպես նաև կա խիտ ծուխ ու մոխիր։ Ստիպված ենք սպասել։
CNN֊ն այս աղետը գլխագրել է` «ԼԱ-ի պատմության ամենաավերիչ հրդեհը»։
CBS-ը հաղորդում է, որ այս պահին կա 5 զոհ, բոլորը Իթոնից (մեր թաղամասը)։ Ոչինչ չի նշվում զոհերի ինքնության մասին։
Los Angeles Times-ն էլ ասում է, թե կա ավելի քան 2.000 այրված կառույց։
Փալիսադեսում այրվում է մոտ 15.000, իսկ Փասադենայում՝ մոտ 10000 Հա տարածք։
Apnrws-ը հաղորդում է, որ արդեն տարհանված է 130.000 մարդ, մոտ 20 մլն-անոց քաղաքի 6.5%։
Մոտ 450.000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, որոշ տեղերում՝ ավելի քան 18 ժամ։ Հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի։
Քաղաքի գրեթե բոլոր դպրոցները փակ են։ Փակ են նաև հանրային նշանակության բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում` սննդի խանութներ։
Հաղորդվել է, որ հունվարի 9-ին բոլոր դպրոցներն ու գրասենյակները փակ կլինեն։
Այս պահին կրակը զբաղեցնում է մոտ 110 կմ քառակուսի տարածք` չորս օջախով։
Կրակը մարելու գործում աշխատում են ԼԱ քաունթիի (մեգապոլիս) մոտ 7500 աշխատակից` հրշեջներ, ոստիկաններ, փրկարարներ, բժիշկներ...
Հրշեջներ ու փրկարարներ են ժամանել նաև մյուս նահանգներից` Օրեգոն, Արիզոնա, Վաշինգտոն և այլն, Կանադան նույնպես աջակցում է ԼԱ-ի հրդեհի շիջմանը` ուղարկելով հրշեջ ուղղաթիռներ։
Այս գիշեր քամու ուժգնությունը կթուլանա, հայտարարում է եղանակի կանխարգելման կենտրոնը։
Հավելեմ, որ կրակը ոչնչացրել է Սահակ-Մեսրոպ հայկական դպրոցը, այրվում է Գեթթի թանգարանի շրջակա գոտին, կրակը ոչնչացնում է նաև Հոլիվուդի խորհրդանիշը` HOLLYWOOD-ը», - ներկայացրել է Կարինե Փանոսյանը։