Վերջին 5 տարիներին Հայաստան-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵՄ դեսպանություններն ասում են, որ իրենք միջնաժամկետ, երկարաժամկետ պլաններ ունեն ու իրենց կարողություններն այդ կանխատեսումների համապատասխան են զարգացնում այս կամ այն երկրում, հիմա այն հոսքը, որ Հայաստանից կա դեպի ԵՄ երկրներ, բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավելի է»,- նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ ինչքան էլ իրենց քննադատեն՝ սա ավիացիոն ոլորտում իրենց բարեփոխումների արդյունքն է։
«Ինչքան էլ մենք սխալվել ենք, ընկել ենք, ձախողումներ ենք ունեցել, բայց մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ, մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, հետ գանք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ», դրա մեջ չափազանցություն չկա, կներեք, սոցիալական ցանցերի հոսքը նայեք, շաբաթ-կիրակի մարդիկ Հայաստանի որևէ տեղից ավելի քիչ լուսանկար են դնում, քան՝ եվրոպական մայրաքաղաքներից»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս տարի նկատել են, որ դեպի Վրաստան հերթեր, նախորդ տարիների նման, չեն գոյացել։
«Այստեղ երկու բան կա՝ մենք սահմանային թողունակությունը մեծացնում ենք, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մադկանց մեծ զանգված, որ նախընտրում էր Ամանորն անցկացնել Վրաստանում, այս տարի օդային տրանսպորից է օգտվել, ենթադրվում է՝ Եվրոպա են գնացել կամ Մերձավոր Արևելք»,- ասաց նա։