ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել.
Ալիևը նորից սպառնում է ու շատ ավելի ագրեսիվ: Կհարձակվի՞ նա Հայաստանի վրա: Կամ կհարձակվի հիմա, թե՞ ապրիլին:
Կանխատեսումը և կազմակերպումը կառավարման երկու հիմնասյուններն են: Ի՞նչ են կանխատեսում և կազմակերպում Ալիևի ահագնացող խոսույթի պայմաններում իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը.
Իշխանությունը. «Ալիևը կոշտ խոսում է, բայց մեր հետ նորմալ բանակցում է: Այդ կոշտ թեզերն իր ներքին լսարանի կամ միգուցե Ռուսաստանի համար են: Ալիևը հիմա չի հարձակվի: Դե մենք էլ հնարավորինս ամեն բան անում ենք: Ընդդիմության մանիպուլյացիաներին էլ պետք չէ տրվել ու կոշտ պատասխանել Ալիևին: Տեսաք, որ մեր այս մոտեցման շնորհիվ 2024-ը եղավ անկախ
Հայաստանի ամենախաղաղ տարին, իսկ սահմանազատումը դարձավ վավերացված իրավական գործընթաց: Պետք է սառնասիրտ լինենք ու շարունակենք զինվել ու ամրանալ` չշեղվելով խաղաղության օրակարգից և միջազգային լեգիտիմության թեզերից: Да поможет нам Запад!»
Տիտղոսային ընդդիմությունը. «Հայաստանի իշխանություններն այնքան վատն են, որ նույնիսկ բառերով մի համարժեք պատասխան չեն տալիս Ալիևին, էլ ուր մնաց` գործողություններով: Եթե Նիկոլ Փաշինյանը հենց վաղը չհեռանա, և մենք չվերցնենք իշխանությունը, Հայաստանը այս տարի վերջնական կկործանվի: Putin save Armenia!»
Ալիևի հետագա քայլերը կախված են աշխարհի մեծերից, որոնք Հայաստանում խոսում են մի մարդու` երկրի ղեկավարի հետ, ով էլ կարող է տեղեկացված կանխատեսումներ ունենալ: Նա էլ, հասկանալիորեն, չի կարող ամեն ինչ բացահայտել, որովհետև այդ ժամանակ պատերազմի ռիսկերը կմեծանան: Բայց մի բանով կարող են օգնել բոլորը, հատկապես` ընդդիմությունը: Փորձենք իրական ու փաստարկված կանխատեսում անել ու ընտրել Պուտինի և Թրամփի միջև:
Այսինքն` ուկրաինական սպասվող բանակցությունների ժամանակ ուղղակի կանխատեսեինք, թե Հայաստանն ում ավելի պետքական կլինի, ըստ դրա էլ առանց կենացների ու անձնական շահերի ընտրություն կատարեինք: Այ սա կարող է լինել ամենաօգտակար քննարկումը ակնհայտորեն սպասվող աշխարհաքաղաքական մեծ գործարքից առաջ: