00:00:00

«2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին

18:04, 08 հունվար 2025 Քաղաքականություն

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

 

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

 

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները:

 

«2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, իսկապես, լուծում են ստանում: Մեր հարաբերությունների կառուցման համատեքստում մթնոլորտը դրական և փոխադարձ հասկանալի ու ընդունելի է: Կարող եմ Հայաստանի Հանրապետության կողմից վստահեցնել, որ մենք պատրաստակամ ենք, և շարունակելու ենք ջանքեր ներդնել մեր համագործակցության շրջանակի ընդլայնման համար: Հույս ունեմ, որ 2025 թվականն այդ առումով նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի կլինի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

 

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր անձնական աջակցության և հետաքրքրվածության համար ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում: Անցյալ տարվա ընթացքում ցուցաբերված բաց և ուղղորդված մոտեցումը շատ կարևոր էր այն ձեռքբերումների համար, որոնց մասին Դուք նշեցիք: Հույս ունեմ, որ կարող ենք այս նոր տարվա ընթացքում ևս ապավինել ձեր աջակցությանը և բարի կամքին:

 

Ցանկանում եմ Նոր տարվա կապակցությամբ անձամբ Ձեզ և հայ ժողովրդին հղել իմ լավագույն մաղթանքները, թող լինի հաջողության, ձեռքբերումների, խաղաղության տարի: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր ջանքերին: Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Մարագոսը նախագահին է ներկայացրել և ամփոփել անցած տարվա ընթացքում պատվիրակության գործունեությունն ու իրականացված ծրագրերը:

 

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ծրագրերին և համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է Եվրամիության հետ բազմաշերտ փոխգործակցության առաջմղման գործում Հայաստանի պատրաստակամությունը և հույս է հայտնել մեկնարկած տարում նոր ձեռքբերումներ կգրանցվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր