Ադրբեջանը Եվրամիության կարևոր գործընկերն է, Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Գրոնոն մասնավորապես ընդգծել է Եվրամիության և Ադրբեջանի միջև երկխոսության կարևորությունը։ Խոսելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի կարևոր ներդրման մասին՝ նա նշել է այս ոլորտում համագործակցության կարևորությունը։
Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար, ինչպես նաև ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ մակարդակով։