00:00:00

Վուչիչը հեռախոսազրույց կխնդրի Պուտինի հետ՝ NIS ընկերության դեմ պատժամիջոցների հետ կապված

18:15, 04 հունվար 2025 Աշխարհ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց կխնդրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 25-27-ին՝ կապված NIS ընկերության («Սերբիայի նավթային արդյունաբերություն») դեմ ամերիկյան պատժամիջոցների հետ։ Այս մասին Սերբիայի նախագահը հայտնել է կառավարության նիստի ժամանակ, որին մասնակցել է, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ը համապարփակ պատժամիջոցներ է կիրառում մեր ընկերության դեմ։ Դրանք կլինեն ոչ թե պատժամիջոցներ ռուսական սեփականություն ունեցող կամ ռուսական բանկերի կողմից ֆինանսավորվող ընկերությունների դեմ, այլ ուղիղ պատժամիջոցներ NIS-ի դեմ: Սա մեզ շատ բարդ դրության մեջ է դնում,- ասել է Վուչիչը։- Արդյո՞ք դա կապված է մեր երկրում իրավիճակն ապակայունացնելու դրսի որոշ պահանջների հետ։ Ես չեմ կարող որեւէ մեկին մեղադրել առանց ապացույցների, բայց դա, իհարկե, մեր երկիրը դնում է ծանր դրության մեջ»:

Նրա խոսքով՝ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Խոսե Ֆերնանդեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը պատասխանատու է տնտեսական աճի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերով, նա իր դժգոհությունն էր հայտնել այս որոշման առնչությամբ՝ մատնանշելով սերբերի նկատմամբ անարդարությունը։

«Պետքարտուղարի տեղակալին ասացի, որ մենք չենք կարող բավարարվել նման որոշումով, բայց այն կայացվում է, եւ բողոքելն իմաստ չունի։ Դա ակնհայտորեն անարդար է, բայց մենք դա կթողնենք վերլուծաբաններին: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա եւ հենց այս պահին։ Պատճառները տարօրինակ են։ Նրանք պնդում են, որ դա ուղղված է Ռուսաստանի դեմ, քանի որ իրենց ռազմական ջանքերն այս կերպ են ֆինանսավորվում։ Բայց դա տեղի չի ունենում, կան արձանագրություններ ու ապացույցներ։ Նրանց, երեւի, նյարդայնացնում է, որ ռուսական ընկերությունը նույնիսկ մեկ տարում ստացել է բարձր շահույթ, թեեւ այս տարի այն զգալիորեն ցածր է»,- նշել է նա։

Վուչիչն ասել է, որ մտադիր է հունվարի 4-ին կառավարության նիստից հետո շարունակել այդ թեմայի քննարկումը Սերբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Հիլի հետ, ինչպես նաեւ նախապատրաստվել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա բանակցություններին։

«Մեզ է տրվել 30 օր՝ մեր հնարավորությունները գնահատելու եւ քայլեր ձեռնարկելու համար, եւ 60 օրում մենք պետք է ավարտենք ամբողջ գործընթացը։ Պաշտոնական որոշումը կհրապարակվի մինչեւ հունվարի 15-ը։ Մինչեւ մարտի 15-ը մենք պետք է ավարտենք ամեն ինչ, իսկ մինչեւ փետրվարի 15-ը պետք է հստակ իմանանք, թե ինչ անել,- նշել է Վուչիչը։- Կառավարությունը պետք է կազմի երկու թիմ՝ վարչապետի համակարգմամբ... Մի թիմը կզբաղվի գազի համաձայնագրի շուրջ բանակցություններով, որը մենք պետք է ավարտենք գազամատակարարումն ապահովելու համար, իսկ մյուսը՝ NIS-ի հետ կապված հարցերով»։

«Ես հույս եմ կապում Պուտինի զրույցի հետ եւ նախատեսում եմ հունվարի 25-27-ին նրան հարցնել, թե երբ պարզ կդառնա, թե ինչ արդյունքներ կբերեն իմ բանակցություններն ամերիկյան նոր վարչակազմի հետ, եւ արդյոք շանսեր կան, որ մենք ինչ-որ բան փոխենք այս կարճ ժամանակում»,- ավելացրել է նա։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31