00:00:00

Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն

17:44, 03 հունվար 2025 Հասարակություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։

Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):

«ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո՝ հայրենակիցների սոցիալական հարցերը մշտապես եղել են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս նպատակով իրականացվել և շարունակվում են մի շարք ծրագրեր՝ նրանց կեցության և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև կայուն զբաղվածության և հիմնական բնակարանային ապահովության հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Ուրախ ենք, որ հայրենակիցների աջակցության տրամադրման գործընթացում մեր կողքին են նաև մեր գործընկերները։ Այս նախաձեռնությունը ևս մեկ էական քայլ է Հայաստանի սոցիալական շտապօգնության ներդրման ուղղությամբ և շարունակությունն է արդեն գործարկված սննդային քատերի գործիքի։ Լիահույս եմ, որ այն կծառայի իր նպատակին»,- նշել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Գերմանիան աջակցում է ՀՀ ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից փախստական ընտանիքների և հյուրընկալող համայնքների խոցելի ընտանիքների երկարաժամկետ առումով վերականգնման և ներառման հարցում, հատկապես ցուրտ ամիսների ընթացքում, երբ ի հայտ են գալիս լրացուցիչ կարիքներ։ Մենք ընդլայնել ենք ֆինանսավորումը այս գործընկերության միջոցով՝ դրամական աջակցության և խնամքին ուղղված միջամտությունների համակցմամբ, ինչի շնորհիվ կարիքահեն ծառայություններ կմատուցվեն ընտանիքներին, այդ թվում e-քարտերի միջոցով, հոգալու անհրաժեշտ կարիքները՝ սկսած հագուստից, առողջապահական ծառայություններից, նորածինների խնամքից ու կենցաղային պարագաներից, մինչև դեպքերի վարում և հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ: Այս ծրագիրը նաև կզարգացնի սոցիալական աշխատողների և առաջնային օղակի մասնագետների կարողությունները խոցելի ընտանիքներին հայտնաբերելու, բռնության կամ ընտանիքի բաժանման կանխարգելման ուղղությամբ»,- ընդգծել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինթրուպը (Erik Tintrup):

«Կարևոր է առկա սահմանափակ ռեսուրսները համապատասխանեցնել երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված աջակցության աճող կարիքներին, որոնք տեղահանվել են կամ ապրում են Հայաստանի հյուրընկալող համայնքներում: Այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է նախարարությանը «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի մշակման գործում՝ շեշտը դնելով սոցիալական պաշտպանության համակարգի դիմակայունության բարձրացման վրա: E-քարտերի համակարգը, որը մշակվել է այս նոր դրամական աջակցության ծրագրով, գործիք կդառնա պետական աջակցության կանոնավոր ծրագրերի համար և անհրաժեշտության դեպքում կընդլայնվի արտակարգ իրավիճակներում արձագանքման նպատակով՝ նպաստելով քաղաքացիական հասարակության և դոնորների հետ կառավարության համակարգման լավարկմանը»,-նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հրատապ սննդի e-քարտը ներդրվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համագործակցությամբ՝ որպես պիլոտային նախաձեռնության մաս: Նոր գործիքը համալրում է ՊՀԾ-ի սննդի աջակցության գործող ծրագրերը՝ նպատակ ունենալով աջակցել տեղահանված ու հյուրընկալող ընտանիքներին։ Այն հնարավորություն կտա ընտանիքներին ձեռք բերել առողջ սնունդ՝ հատկապես ձմռան դժվարին ամիսների ընթացքում։ Մինչ այդ, ՊՀԾ-ն կշարունակի ավանդական (բանկային) սննդի քարտերի տրամադրումը, իսկ թվային հարթակը կծառայի որպես լրացուցիչ գործիք՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու և տարբեր կարիքներ հասցեագրելու գործում։

Նշվում է, որ հրատապ սննդի e-քարտի միջոցով իրականացվող աջակցությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին անխափան կերպով բավարարել իրենց սննդային պահանջները, հատկապես ձմռանը, երբ խոցելիության մակարդակը բարձրանում է։ Այս նախաձեռնությունը արտացոլում է ՊՀԾ-ի շարունակական հանձնառությունը՝ բարձրացնելու պարենային ապահովության մակարդակը՝ միաժամանակ խթանելով արժանապատվությունը, ընտրության ազատությունն ու դիմակայունությունը»,- ընդգծեց Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։

E-քարտերի առաջին խումբը կգործեն 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով, իսկ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը կաջակցեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ սոցիալական աշխատողների վերապատրաստման հարցում՝ ընտանիքների դեպքի վարման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու e-քարտերի օգտագործման և հետադարձ կապի մեխանիզմների վերաբերյալ:

Կարիքահենք դրամական աջակցության ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝ այցելեք Սոցիալական աջակցության տրամադրում e-քարտերի միջոցով | UNICEF Հայաստան կայքէջը:

Համալիր կարիքների գնահատման վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 114 զանգերի կենտրոն։

Էլեկտրոնային քարտերի վերաբերյալ հարցերի կամ բողոքների դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ՝ 095 889 388 հեռախոսահամարով։

Իդրամ հավելվածների (Idram և ID Plus) տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերի դեպքում խնդրում ենք կապվել՝ 060 700 700 հեռախոսահամարով կամ 098 700 970 Տելեգրամ կամ WhatsApp հավելվածների միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր