ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցել է Բելառուսին։
2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է, որ Մինսկը ողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավորն՝ ասոցիացիայի հետագա զարգացման համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանում Բելառուսի նախկին դեսպան Դմիտրի Կրուտոյն, իր հերթին, առանձնացրել է տեխնոլոգիական ինքնիշխանությունը՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում Մինսկի աշխատանքի առանցքային ուղղություններից մեկը: Փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն էլ հավելել է, որ 2025 թվականին Միության երկրները պետք է ամփոփեն զարգացման ռազմավարության արդյունքները և հիմքեր դնեն հետագա զարգացման համար մինչև 2030 և 2045 թվականները:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի դեկտեմբերի 26-ին, ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ հայկական պատվիրակությունը հաջորդ տարվա մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։