Հայտնի է դարձել Նոր Օռլեանում (Լուիզիանա) ահաբեկչության կազմակերպչի անունը․ նա ԱՄՆ քաղաքացի 42-ամյա Շամսուդ-Դին Ջաբարն է: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն` նշելով, որ կատարվածը հետաքննում է որպես «ահաբեկչական գործողություն»։
Շամսուդ-Դին Ջաբարը ԱՄՆ-ի քաղաքացի է, ծնվել և բնակվել է Թեքսաս նահանգում։ Ջաբարը ծառայել է ԱՄՆ-ի բանակում ավելի քան 10 տարի: Ահաբեկչի մոտ եղել է ԴԱԻՇ-ի դրոշը, CNN-ին հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները։ Քննիչներն ուսումնասիրում են Ջաբարի քաղաքական և կրոնական հայացքները, ինչպես նաև նրա կապը ԴԱԻՇ-ի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում Jeep-ը մխրճվել էր Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:
Դեպքը տեղի էր ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հատված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով, ուստի Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել: