Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Ադրբեջան չվերթները՝ Բաքվի և Գյանջայի օդանավակայանների կողմից սլոթերը հետ կանչելու պատճառով: Այս մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
««Ազիմուտ» ավիաընկերությունը հայտնում է Միներալնիե Վոդիից Բաքու և Գյանջա, ինչպես նաև Սոչիից Բաքու չվերթների չեղարկման մասին՝ Բաքվի և Գյանջայի օդանավակայանների կողմից սլոթերը հետ կանչելու պատճառով՝ կապված Ադրբեջանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքների թույլտվությունը հետ կանչելու հետ»,-ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի քանի արտասահմանյան ավիաընկերություններ դադարեցրել էին չվերթերը դեպի Ռուսաստան՝ դեկտեմբերի 25-ին Ղազախստանում՝ Ակտաուի մոտակայքում, «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի հետաքննության համատեքստում: