Միացյալ Նահանգները ցավակցություն է հայտնում Ակտաու քաղաքի մերձակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ղազախստանի և Ադրբեջանի իշխանություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։
«Մենք խորապես վշտացած ենք Ղազախստանում Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման լուրերից: Մենք մտածում ենք զոհվածների ընտանիքների մասին և աղոթում ենք նրանց համար, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին: Պատրաստ ենք օգնություն ցույց տալու Ղազախստանի և Ադրբեջանի իշխանություններին», - գրել է Միլերը X-ում։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։