Առաջիկայում նախատեսվում է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի, Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում գոտեմարտի դատավարությունը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
«Դատավորը նշանակվել է, գործընթացը սկսվել է։ Հույս ունենք, որ լավ կլինի»,- նշեց Գիլոյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել էր Արթուր Ալեքսանյանի` 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը։
Օլիմպիական չեմպիոն Ալեքսանյանը նշել էր, որ Սարավին գոտեմարտի ժամանակ, երբ կարողացավ հնարք կատարել, երկու ոտքով դուրս է եկել մրցագորգից, ինչը կանոնների խախտում է ու ոչ թե մրցակիցը պետք է ստանար երկու, այլ ինքը` մեկ միավոր։
Մերի Մանուկյան