Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նամակում, մասնավորապես, ասված է. ՛՛Հարգելի նախագահ, իմ սիրելի եղբայր, խոր վշտի զգացումով տեղեկացա այսօր առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքում ՛՛Ադրբեջանական ավիաուղիների՛՛ ինքնաթիռի կործանման մասին, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ:
Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Ձերդ գերազանցությանը և եղբայրական ադրբեջանական ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր կորցրել են մտերիմներին, մաղթում եմ համբերություն: Թող ամենակարող Ալլահը հանգստացնի զոհվածների հոգիները և շուտափույթ ապաքինում ուղարկի տուժածներին:
Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ Ձերդ գերազանցությանը և եղբայրական ադրբեջանական ժողովրդին եմ փոխանցում իմ բարեմաղթանքները, մաղթում բարօրություն և բարգավաճում՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ: Հոսպիտալացվել է 29 մարդ՝ 15 ադրբեջանցի, 9 ռուս, 2 Ղրղզստանի քաղաքացի, ևս 3-ի քաղաքացիությունը ճշտվում է, հայտնել են Ղազախստանի ԱԻՆ-ից։