Բարձր տեխնոլոգիական ոլորտի փաթեթի պատրաստման ուղղությամբ Ֆինանսների նախարարությունը մեծ աշխատանք է իրականցրել, որպեսզի մի հավասարով արտոնություն չտանք. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք այստեղ և շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ, թե ինչպես է կառավարությունը ծախսում կա՛մ ծախսային միջոցներով, կա՛մ արտոնությունների տրամադրման միջոցով։ Չէի ասի, որ հասել ենք իդեալական համակարգի, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ուսումնասիրում ենք տարբեր ուղղություններով առկա արտոնությունները, նրանց արդյունավետությունն ենք գնահատում և առաջիկայում հանդես ենք գալու այդ արտոնությունների չեղարկմամբ»,-ասաց նա։
Նախարարի խոսքով՝ այդ աջակցությունը պետք է տրամադրվի ծախսայի միջոցներով, ոչ թե հարկերի վերաբերյալ արտոնություն ունենալով։
«ԲՏԱ ոլորտի արտոնությունների մասով շատ հաճախ լսում ենք, որ նվազել է հարկը՝ 10 տոկոս է դարձել։ Բայց իրականում նրանք վճարում են 20 տոկոս հարկ, ուղղակի ասում ենք, որ ձեր աշխատակիցների կրթության ծախսերը մենք մեր վրա ենք վերցնում։ Դրանով ոչ թե ցույց ենք տալիս, որ ոլորտը հետաքրքիր չէ, այլ ուղղակի գործիքներն են փոխվելու»,-ասաց նա։