ՌԴ-ում ներգաղթյալների երեխաներին դպրոցներ ընդունելու համար ռուսաց լեզվի իմացության թեստավորումը կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։
«Ամեն տարի մոտ 155,000 ներգաղթյալ երեխա է ընդունվում ռուսական դպրոցներ»,- նշել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Ռոսոբրնադզորը ներկայումս ավարտում է մեթոդաբանական նյութերի և թեստավորման համակարգերի, ինչպես նաև գնահատման չափանիշների պատրաստումը, քանի որ տարբեր դասարաններ պահանջում են տարբեր մակարդակների քննություն։
Դեկտեմբերի 11-ին Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն արգելում է ռուսերեն չիմացող ներգաղթյալ երեխաների ընդունումը դպրոցներ։ Դա ենթադրում է, որ օտարերկրյա քաղաքացիներին հնարավոր կլինի դպրոց ընդունել միայն ռուսաց լեզվի պարտադիր քննություն հանձնելուց հետո։