Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Եվրախորհրդարանում խոսել է վրաստանյան զարգացումների, ակնկալիքների, նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտության և երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին, գրում է aliq.ge-ը:
Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում դիմել է պատգամավորներին` ասելով, որ վրացիները գիշեր-ցերեկ կռվում են, իսկ Եվրոպան դանդաղ է գործում։ Նախագահի խոսքով, վրացիները դեռևս սպասում են Բրյուսելի ու Վաշինգտոնի պատասխանին։
«Եվ ինչպես պետք է գործի Եվրոպան։ Նախ՝ քաղաքական աջակցություն. մեզ անհրաժեշտ է մշտական քաղաքական ուշադրություն ամենաբարձր մակարդակով, որովհետեև վրացիները պետք է վստահ լինեն, որ իրենք մենակ չեն, որ մենք աջակցում ենք իրենց։ Եվրախորհրդարանի պատգամավորները դա արեցին, երբ եկան Թբիլիսի: Էմանուել Մակրոնը հզոր ուղերձ հղեց, բայց մեզ ավելին է պետք: Մեզ պետք են ավելի շատ այցեր Վրաստան, բայց դրանք սովորական այցեր չպետք է լինեն, և այդ այցերը կարող են շատ լավ շահարկել ռուսները, այդ այցերը պետք է ճշգրիտ վերահսկվեն, որպեսզի տարբեր նպատակների չծառայեն։ Երկրորդ ուղղությունը, որով կարող է գործել Եվրոպան, արդարությունն է։ Մենք պետք է ազատ արձակենք հարյուրավոր կալանավորների, որոնցից ոմանց սպառնում է 9 տարվա ազատազրկում։ Պետք է լինի շատ ուժեղ մոնիտորինգ, և ես գիտեմ, որ եվրոպացի շատ դեսպաններ ուշադրություն են դարձնում այդ դատավարություններին։ Նրանց այցերը դատարան շատ կարևոր են լինելու։ Եվ, իհարկե, այս կալանավորների ազատ արձակման հետ մեկտեղ, պետք է պատժվեն բոլոր այն մարդիկ, որոնց գործողությունները խոշտանգում են որակվել են», — ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին շարունակել է՝ վրաստանյան ճգնաժամից այլ ելք չկա, քան խաղաղ ճանապարհը. «Մենք գիտենք, որ այս իշխանությունը ռուսական մոդել է, որը մեկ քայլ առաջ է գնում, երկու քայլ ետ։ Մենք պետք է շատ հստակ և սկզբունքային լինենք, Վրաստանի բնակչությունը նույնպես պետք է գնա նոր ընտրությունների կամ գնա այնտեղ, որտեղ ավելի խոր ճգնաժամ է լինելու։ Դուք պետք է օգտագործեք ձեր լծակները: Եվրոպան Վրաստանի ամենամեծ դոնորն է, վրացական ամենամեծ սփյուռքի տունը»:
Զուրաբիշվիլիի խոսքով, բացի ընդդիմադիր լրատվամիջոցներից, Վրաստանում ամեն ինչ վերահսկում է մեկ կուսակցություն՝ «Վրացական երազանք»-ը։ Ըստ նրա՝ երկրում երեք ընդդիմադիր լրատվամիջոցներից երկուսը ֆինանսական ճգնաժամի մեջ են, ինչը հրահրվել է:
«Ռուսական պետության կառուցում է ընթանում քայլ առ քայլ: Խորհրդարանը, կառավարությունը, ԿԸՀ-ն նոր կանոններով, Կենտրոնական բանկը, Հակակոռուպցիոն բյուրոն, անգամ Կենսաթոշակային հիմնադրամը, որը բարեփոխվեց, արդարադատության համակարգը, այս ամենն ամբողջությամբ գտնվում է կառավարության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վերահսկողության ներքո», — ասել է նախագահը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ։
Ընտրություններ
Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանի պատգամավորներին մանրամասն բացատրել է, թե ինչ մեթոդներով է «Վրացական երազանք»-ը միջամտել ընտրություններին: Նախագահն ասել է՝ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում բռնությունների հետ կապված փորձել է կապ հաստատել ներքին գործերի (ՆԳ) նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ, սակայն չի հաջողվել։
«Այսպես եկանք «ռուսական ընտրությունների», որտեղ համակարգված, զանգվածային կեղծիքներ եղան, և այդ կեղծիքները շատ բարդ էին, շատ լավ ծրագրված, քանի որ ընտրական օրենսգրքում փոփոխությունները շատ ավելի վաղ էին արվել, նշանակվել էր ընտրական հանձնաժողով, ոչ թե Եվրամիության խորհուրդներով, այլ տարբեր կանոններով։ Էլեկտրոնային քվեարկությունը, որն առաջին անգամ էր կիրառվել, կիրառվել է նաև կեղծիքներ անելու համար», — ասել է Զուրաբիշվիլին:
Նախագահն ասել է՝ եվրոպացի թոշակառուների գումարները և այդ «զանգերի կենտրոններն» օգտագործվել են ընտրությունների ժամանակ. «Ընտրությունից շատ առաջ եղել է վարչական ռեսուրսների, նաև, իհարկե, պետական հատվածի ահաբեկում»:
Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք լինել այստեղ Վրաստանի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում և հնարավորություն ունենալ ձեզ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ է կատարվում այսօր իմ երկրում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանի պատվիրակությանը, որը մի քանի օր առաջ Վրաստանում էր, դա շատ կարևոր է երկրի համար», — Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում ասել է Վրաստանի նախագահը։
Զուրաբիշվիլիի հավաստմամբ, Վրաստանի քաղաքացիները երկու պահանջ ունեն՝ եվրոպական ապագա և արդար, նոր ընտրություններ։
Նախագահն ասել է՝ Վրաստանը վճռորոշ ժամանակաշրջան է ապրում, «քանի որ մի քանի օր և ամիս մենք իրականում զգում ենք, որ մենք 1921 թվականին ենք հասել, և իրադարձությունները կրկնվում են»: