Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվել է Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Մարկոսյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա: Աշտարակի ոստիկանները մեկնել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը ու հայտնաբերել կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Մինչդեռ Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ իրականացվել է ոստիկանական հերթական շոու օպերացիան, որի «կնքահայրը» Արագածոտնի «միլպետն» է։ Մարզի ոստիկանապետը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից sms է ստացել, որ պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից, և հեռանալուց առաջ որոշել է ասֆալտին «փռելու» տեսարան սարքել։ Մեր տեղեկություններով այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոստիկանապետը մեղմ ասած լավ հարաբերությունների մեջ չի եղել մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ և պաշտոնանկ արվելուց առաջ փորձել է այդ կերպ վնասել մարզպետին։
Արմեն Մարկոսյանին ճանաչողները չեն հավատում, որ վերջինս կարող էր թմրանյութ պահել և օգտագործել, ավելին երբ տեղի է ունեցել ձերբակալման շոուն այդ ժամանակ մեքենայի մեջ եղել է նաև Մարկոսյանի կինը։ Այդ հանգամանքն անգամ ոստիկաններին չի կանգնեցրել ձերբակալումը նորմալ իրականացնել, փոխարենը պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել, նկարել, որպեսզի ուղարկեն Արագածոտնի ոստիկանապետին։ Վերջինս այդ կերպ նպատակ է ունեցել ցույց տալ, որ ինքը վերահսկում է իրավիճակը մարզում և պետք չէ իրենից ազատվել, բայց որոշումն արդեն կայացված է։
Irakanum.am