ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, հնչող ու չդադարող ծափերով մեկնարկեց AAD «Հայաստան– Արցախ– Սփյուռք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Քաղաքական գործիչներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ԶԼՄ ու առողջապահության ոլորտի, սպորտի, ինչպես նաև սպասարկման բնագավառում աչքի ընկած ընկերությունների ներկայացուցիչներ։ Նրանք բոլորը՝ մեկ տեղում էին, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որ միասին հնարավոր է ամեն ինչ։ Օրվա կարևոր մարդիկ 44 –օրյա պատերազմում, ինչպես նաև սեպտեմբերյան պատերազմի ու Արցախյան վերջին պատերազմի ընթացքում անմահացած հերոսների ծնողներն ու վիրավոր զինվորներն էին։
Դահլիճում երկար ժամանակ չդադարեցին ծափերը երբ բեմ բարձրացան նրանք․․ օրվա ու ամեն օրվա հերոսները՝ հերոս տղաները։ Նրանցից յուրաքաչյուրի սխրանքն անգնահատելի, նրանց կռվի շնորհիվ է, որ Հայաստանն աշխարհը կա։
Մրցանակաբաշխության կազմակերպիչը հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն է։ AAD «Հայաստան-Արցախ-Սփյուռք» մրցանակաբաշխության սկիզբը դրվել է դեռեւս 2009 թվականից: Սկզբնական շրջանում այն սիրողական մակարդակի է եղել, բայց տարիների ընթացքում վերածվել է մեծ մրցանակաբաշխության: Այսօր արդեն հոբելյանական 15–րդ տարին էր, որին ներկա էին 300–ից ավելի հյուրեր՝ տարբեր բնագավառներից։
Տարվա մարդ անվանակարգին արժանացավ 44 –օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը։ Վիրավոր տղաներից շատերը ևս արժանացան մրցանակի։
Տարվա լավագույն քաղաքապետ ճանաչվեց Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, տարվա լավագույն վարչական շրջանի ղեկավար՝ Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Հայ լրագրության մեջ ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ «Առավոտ» օրաթերթի հիմնադիր Արամ Աբրահամյանը։ Տարվա լավագույն երգչուհին Դիաննա Հարությունյանն էր, դերասանուհին՝ Հրաչա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը, իսկ տարվա լավագույն մարզիկ ճանաչվեց ըմշամարտիկ Արսեն Հարությունյանը։
Irakanum.am լրատվական կայքի օպերատոր Տիգրան Ավեդոսյանը ճանաչվեց տարվա լավագույն լուսանկարիչ–օպերատոր։
AAD ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի տարբերվող էր: Ողջ երեկոյի ընթացքում հուզմունքն ուղեկցում էր երեկոյի հյուրերին, մրցանակակիրներին. ի վերջո կողք կողքի էին Արցախյան պատերազմի վիրավոր հերոսներն ու զոհված զինծառայողների հարազատները: Հյուրերն իրենց հետ մեկական նուռ էին բերել, սա էլ իր խորհրդանիշն ուներ։ Այս տարի լրացավ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100 ամյակը։
«Տարվա սխրանք», «տարվա հայտնություն», լավագույն երգիչ ու երգչուհի, բշժկական ոլորտում ներդրած ավանդի համար մրցանակներ ստացողներ ևս եղան։
Ինչպես մրցանակակիրներն, այնպես էլ՝ դրանք հասցեատերերին հանձնողները իրենց խոսքում նախ շնորհակալություն հայտնեցին Մամիկոն Խուրշուդյանին, մեկ հարկի տակ տարբեր հայացքների ու տարբեր բնագավառների մարդկանց միավորելու, բայց ամենակարևորն է չկրկնվող պահեր պարգևելու համար։
Irakanum.am