Թբիլիսիում Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցը շարունակվում է: Ցուցարարները փակել են ճանապարհը, հայտնում է Interpressnews-ը։ Քաղաքացիներն արդեն 20-րդ օրն է՝ հավաքվում են օրենսդիր մարմնի մոտ։
Միաժամանակ մի քանի օր է՝ մայրաքաղաքի մի քանի կետերից բողոքի երթեր են անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Այսօր՝ օրվա ընթացքում, մի քանի երթեր են կազմակերպվել Վրաստանի մայրաքաղաքում՝ բողոքի երթ են կազմակերպել հյուրընկալության ոլորտի ներկայացուցիչները։
Այսօրվա ակցիային միացել են նաև Վրաստանում ԵՄ ներկայացուցչության մոտ հավաքված մասնակիցները՝ «Արևմտյան կրթությունով՝ դեպի Եվրոպա» կարգախոսով։
Երթին մասնակցել են արևւմտյան երկրներում կրթություն ստացած Վրաստանի քաղաքացիները, կամ ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել Արևմուտքում։
Բացի դրանից, երթի մասնակիցներին են միացել Թբիլիսիի պետական համալսարանի և Իլիայի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները, ինչպես նաև պատմաբաններ։
Վրաստանի բնակիչները բողոքում են նոյեմբերի 28-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ, ըստ որի՝ մինչև 2028 թվականի վերջ Թբիլիսին Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի։ Ցուցարարների պահանջներն անփոփոխ են՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։