ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանը հրաժարվում է մեկնաբանել հարցն այն մասին, թե արդյո՞ք պատրաստվում է մանդատը վայր դնել, թե՞ ոչ։ Irakanum.am–ի հետ զրույցում Ասլանյանն ասաց, որ ունի որոշում առաջիկայում որեւէ հարցազրույց չի տալու։ «Ես հայտարարել եմ բոլորին, որ ոչ մի մեկնաբանություն և հարցազրույց չեմ տալու առաջիկայում։ Դա պայմանավորված է իմ ցանկությամբ»,– ասաց Ասլանյանը, հրաժարվելով պատասխանել նաև այն հարցին, թե ճնշումներ կան արդյո՞ք իր նկատմամբ թե ոչ։ Պատգամավորն այդպես էլ չասաց, թե մինչև երբ է որոշել պահպանել «լռությունը»։
Հիշեցնենք, որ Ասլանյանին հեռացրին իշխող թիմից Փաշինյանին չենթարկված Հովիկ Աղազարյանին պաշտպանելու համար։
Պատգամավոր Ասլանյանն անարդար էր համարում ընկերոջ նկատմամբ թիմակիցների արածը, որ մտել էին Աղազարյանի անձնական կյանք։ Նա համարձակվել էր հակառակվել Նիկոլ Փաշինյանին, ով պնդել էր, թե Հովիկ Աղազարյանը փակ քննարկումից պետությանը վնասող տեղեկություն է հրապարակել։
Irakanum.am