00:00:00

Հայ գիտնականները հայտնաբերել են սարդերի ու սարդակերպերի, լվիճների նոր տեսակներ

20:12, 10 դեկտեմբեր 2024 Հասարակություն

 

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հայտնաբերել են գիտության և Հայաստանի ֆաունայի համար նոր տեսակներ և ապրելավայրեր։

Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից՝ փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի աշխատակիցների հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է սարդերի Eresidae ընտանիքին պատկանող գիտության համար նոր 1 տեսակ, գրանցվել է ՀՀ ֆաունայի համար սարդակերպերի նոր 50, լվիճների 23 տեսակ: Երիտասարդ գիտաշխատող Անուշիկ Խաչատրյանի թեկնածուական թեզի կատարման շրջանակում հայտնաբերվել է ՀՀ ֆաունայի համար ջրարջերի 10 նոր տեսակ։ 

Արդյունքների վերաբերյալ տպագրվել են գիտական հոդվածներ մի շարք հայտնի միջազգային և ազգային գիտական հրատարակություններում, ինչպիսիք են Springer Nature-ը, Acta Agriculturae Slovenica (University of Ljubljana), Arab Journal Of Plant Protection, Euroasian Entomological Journal, Biodiversity, Indian Journal of Entomology։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր։ Աշխատանքներն իրականացվել են Սենտ-Լուիսի կենդանաբանական այգու գիտաշխատողների հետ համատեղ, գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը։ Տպագրվել է հոդված Herpetological Review ամսագրում։

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում Հայաստանում առաջին անգամ ճագարների օրգանիզմում հայտնաբերվել են դիկրոցելիա մակաբույծի ձվեր: Ձվերն օվալաձև են, խիտ թաղանթով, լեղու հետ ընկնելով տիրոջ աղիներ, արտազատվում են արտաքին միջավայր։ Մակաբույծի զարգացումը կատարվում է տիրափոխությամբ․ միջանկյալ տերը Helicella և այլ ցեղի ցամաքային խխունջներն են, իսկ լրացուցիչ տերը` Formica ցեղի մրջյունները: Ճագարները և այլ վերջնական տերեր վարակվում են, երբ նրանք խոտի հետ ուտում են վարակված՝ դիկրոցելիաների մետացերկարիա պարունակող մրջյուններին: Վարակված ճագարների մոտ դիտվում է արտադրողականության նվազում, մարսողական համակարգի խանգարումներ և ընդհանուր հյուծվածություն։ Գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Վարդանյանը։ Տպագրվել է հոդված «Internationl Journal of Agriculture and Biosciences»-ում։
 
«Գիտության համար նոր տեսակների գրանցումը լույս է սփռում էվոլյուցիոն գործընթացների վրա՝ բացահայտելով, թե ինչպես են տեսակները հարմարվում իրենց միջավայրին և ժամանակի ընթացքում զարգանում: Նրանց բազմազանության ըմբռնումն օգնում է պարզաբանել էկոհամակարգի դինամիկան և փոխկախվածությունը: Նոր տեսակների հայտնաբերումն ու մոնիտորինգը կարող են վաղ նախազգուշացումներ տալ էկոհամակարգերի վիճակի և շրջակա միջավայրի փոփոխությունների մասին»,- ընդգծված է հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր