ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել է. «Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։
Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձելմտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար։
Սիրելի՛ գյումրեցի, մեր քաղաքն այլևս մեջ-մեջ անողներին մերժելու է, դրանց դուք լա՜վ եք ճանաչում, քաղաքականությամբ զբաղվող, բայց մեծ բեմերի դերասանների կարիք չունի՛ այս քաղաքը։ Գյումրին պե՛տք է ունենա գյումրեցու մասին մտածող, ո՛չ թե սեփական շահը հետապնդող, Գյումրին սիրող, ո՛չ թե թալանող, Գյումրու զարգացման և բարօրության մասին մտահոգ, ուժեղ համայնքի ղեկավար և կարողունակ քաղաքական թիմ, որին ընտրելու հնարավորություն դուք ունենալու՛ եք` այս փուլում ակտիվ մասնակցելով Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, իսկ հետագայում` այն ամրագրելով Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակ»։