Հայաստանում հնարավոր է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ «Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը։
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ ներկայացվեցին ոչ միայն այս ծավալուն սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, այլև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն առաջիկա տարիների թիրախների և անելիքների վերաբերյալ։
Մինչ անելիքներին ու թիրախներին անդրադառնալը, ներկայացվեց նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, այնուհետև ընթերցվեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը։
Իր ուղերձում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն հպարտությամբ արձանագրել է, որ ԶՊՄԿ-ն այսօր ներկայացնում է իր՝ 3-րդ անընդմեջ զեկույցը։
«Այս ճանապարհը մեր թիմի գիտակցված ընտրությունն է այն պահից, երբ մենք ստանձնել ենք ԶՊՄԿ կառավարումը։ Մենք ձգտում ենք այն դարձնել կայուն զարգացման, հաշվետվողականության առումով պատասխանատու հանքնարդյունաբերության համայնքի մաս։ Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է ընդհանուր չափորոշիչների աստիճանական ներդրում բոլոր ոլորտներում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական։ Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ․ միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»,- իր ուղերձում նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։
Միջոցառման ներկաներին կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը` ընդգծելով՝ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքներին և մոտեցումներին համապատասխան։
Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում ընկերության ներդրումը և մանրամասնում նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։
Արմեն Ստեփանյանը շեշտում է՝ 20 տարուց ավելի պատասխանատու կազմակերպություններն ամբողջ աշխարհում հաշվետու են լինում շահագրգիռ կողմերին։
Հայաստանում բացառիկ են այն ընկերությունները, որոնք կայուն զարգացման հաշվետվություն են ներկայացնում, ԶՄՊԿ-ն այն եզակիների է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ներկայացնում է այդ հաշվետվությունը՝ տարիների ընթացքում գրանցելով առաջընթաց։
Առավել մանրամասները` սկզբնաղբյուրում։