Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Մալթայում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
նա նշել է, որ երկկողմ բանակցություններն այս տարի հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։
«Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- նշել է Արարատ Միրզոյանն ու ավելացրել. «մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել»։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։
«Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն»,- նշել է Միրզոյանը։