Թբիլիսիի լայնամասշտաբ բողոքի ակցիաների ալիքը տարածվել է Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում, նաև Ախալցիխեում:
Նինոծմինդայի շրջանից ակտիվիստ Տիգրան Թարզյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի օր Նինոծմինդայից ուղևորվում է Ախալցիխե՝ մասնակցելու տեղում ընթացող ցույցերին: Նրա խոսքով ամեն օր շրջանից փողոցային պայքարին միացող քաղաքացիների թիվն ավելանում է։
«Մեր շրջանից նաև մայրաքաղաք են մեկնում՝ մասնակցելու թբիլիսյան ցույցերին: Ախալցիխեում տեսնում եմ բազմաթիվ ուսուցիչների, աշակերտների և ուսանողների․ չնայած եղանակային վատ պայմաններին՝ իրենց քաղաքացիական պարտքն են կատարում՝ երկրի ապագայի համար պայքարելով միասին», — ասում է Տիգրանը:
Տիգրանն ընդգծում է, որ Ախալցիխեի գրեթե ողջ հասարակական հատվածը, ինչպես նաև կուսակցությունների ներկայացուցիչներ միասին են:
«Անհրաժեշտության դեպքում կգնանք նաև Թբիլիսի, կլինենք մեր ընկերների կողքին՝ ցույց տալու բարձրաձայնելու մեր եվրոպական ձգտումները», — հավելում է Տիգրանը:
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։