«Ազգային մայդան» կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ, ինչի պատճառով որոշ ուժեր դեմ են արտահայտվել «Թափանցիկության մասին» օրենքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքը:
Կոբախիձեն, մասնավորապես, նշել է. «Նրանք ձգտում էին երկրում անթափանց հեղափոխություն կազմակերպել, բայց Վրաստանում «ազգային մայդան» կամ հեղափոխություն չի կարող կազմակերպվել՝ ո՛չ անթափանց, ո՛չ թափանցիկ»։
Վարչապետի խոսքով՝ երեկ Սաակաշվիլիի, Գվարամիայի, Խազարաձեի և Գախարիայի կուսակցությունները համատեղ հայտարարությամբ գործնականում ընդունել են, որ իրենք կանգնած են Վրաստանում սահմանադրական կարգի վրա հարձակման հետևում։
«Երեկ երեկոյան չորս կուսակցություններ ընդունեցին, որ իրենք են կանգնած սահմանադրական կարգի վրա հարձակման հետևում։ Երեկ չորս կուսակցությունների՝ Սաակաշվիլիի, Գվարամիայի, Խազարաձեի և Գախարիայի համատեղ հայտարարություն է տարածվել, որոնք գործնականում խոստովանել են, որ իրենք են կանգնած Վրաստանում սահմանադրական կարգի վրա իրականացվող հարձակման հետևում։ Արտաքին ֆինանսավորմամբ Վրաստանում «ազգային մայդան» կազմակերպելու երրորդ փորձը ևս ձախողվեց։
Առաջին փորձը 2022 թվականի հունիսին էր, երբ մեզ չներկայացրին թեկնածուի կարգավիճակը, և այդ հարցը արմատական ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգտագործեցին իբրևես երկրում «ազգային մայդան» կազմակերպելու պատրվակ, թեև այս ծրագիրը ձախողվեց։
Ավելի ուշ եղավ հերթական փորձը՝ «Թափանցիկության օրենքի» առնչությամբ, «ազգային մայդան» կազմակերպելու այդ փորձը ևս ձախողվեց, իսկ հիմա երրորդ փորձը, սկզբունքորեն կարելի է ասել, որ չորրորդն էր, օրենքին առնչվող երկու փորձ եղավ: «Ազգային մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը «Վրաստանում նույնպես ձախողվեց»,-նշել է Կոբախիձեն: