Վերին Լարսի անցակետն, ամենայն հավանականությամբ, մեկ ժամվա ընթացքում կբացվի, առայժմ անցակետը բաց չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց ՌԴ ում ՀՀ մաքսային կցորդ Վահե Հակոբյանը։ Նրա փոխանցմամբ՝ վրացական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունն առ այն, որ բացվել է ճանապարհը, վերաբերում է Խաչի լեռնանցքում արգելափակված ավտոմեքենաներին։
«Այդ հատվածը բացել են, թողել են, որ դեպի Թբիլիսի շարժը սկսվի, անցակետը բացելուն դեռևս սպասում են»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է տեղեկություններին առ այն, որ անցակետում սպասելու հետեւանքով անգամ երեխաներ են հիվանդանոց տեղափոխվել, ապա Հակոբյանն ասաց, որ կարդացել է այդ լրատվությունը, բայց շատ հավանական է համարում, որովհետև 3 օր կանգնած են, մեքենաները չէին կարող տաք լինել 3 օր շարունակ, վառելիքի հարց կառաջանա, ցուրտ է։
Վ. Հակոբյանը տեղեկություններ չուներ, թե ինչ իրավիճակ է վրացական կողմում, սակայն ռուսական կողմում ՌԴ ԱԻՆ-ն աշխատում է, մարդկանց ապահովում է առաջին օգնությամբ, եւ ըստ անհրաժեշտության նաեւ տաք թեյ, դեղորայք տրամադրում։