00:00:00

Ովքեր են Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները․ փրայմերիզը մեկնարկել է․ «Հրապարակ»

10:14, 29 նոյեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ասած փրայմերիզի մեկնարկն արդեն տրվել է։ Երեկվանից Գյումրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնին նշանակվելու համար  ինքնաառաջադրումը սկսված է, որը տևելու է մինչև դեկտեմբերի  2-ը` ժամը 12․00-ն։ ՔՊ-ականները ակտիվ բանակցությունների մեջ են տեղի համախոհների, կուսակցականների հետ եւ պատրաստվում են լուրջ ներկայացման։

Արդեն տեղեկացրել էինք, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը հայտարարել է առաջադրվելու մասին։

Hraparak.am-ը տեղեկացավ, որ երկու թեկնածու այս պահին ևս հստակ որոշում են կայացրել եւ այսօր պատրաստվում են ինքնաառաջադրվել։

Մեկը Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանն է, մյուսը՝ Փաշինյանի մոլի համակիր Արտյոմ Թումանյանը, որին գյումրեցիները ճանաչում են որպես երգիչ-դերասան։ Երկուսն էլ չեն հերքում իրենց մասնակցությունը։ Շավարշ Արամյանը նշում է, որ իր մասնակցությունն այս պահին նախնական քննարկման փուլում է, ավելին՝ ցանկություն ունի առաջադրվելու։ Արտյոմ Թումանյանն էլ մեկնաբանում է, թե այս պահին Գյումրին ունի իր կարիքը եւ ժողովրդի կամքին  հետևելով՝  գնում է այդ քայլին։ 

Անդրադառնալով երկու թեկնածուներին՝ նշենք, որ Շավարշ Արամյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հորաքրոջ որդին է , իսկ Արտյոմ Թումանյանն էլ ամիսներ առաջ Սարուխանյանի հայտարարության հիման վրա հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։

ՆԳ նախարարության Շիրակի մարզային վարչությունը գրություն ու փաստաթղթեր է ուղարկել Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին՝ հանձնարարելով պարզել, թե օրինակա՞ն են արդյոք «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Թումանյանի և կազմակերպության անդամների՝ «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարած ուսումնասիրությունները։ Ապրիլի 4-ին Կումայրի բաժնի կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը․ «ՀՀ-ում գրանցված «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահի և կազմակերպության անդամների կողմից նախնական համաձայնությամբ կատարվել է այնպիսի արարք, որը չի բխում իրենց լիազորություններից, կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել հասարակության կամ պետության շահերին:

Այսինքն «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Սուրենի Թումանյանը կազմակերպության մի խումբ անդամների հետ, ներկայացնելով նշված կազմակերպությունը, չունենալով որևէ պետական մարմնի կողմից հաստատված ծրագիր կամ համապատասխան թույլտվություն ս/թ մարտի 11-ին այցելություն են կատարել «Գյումրու թիվ 7-րդ հիմնական դպրոց» ՊՈԱԿ, որտեղ «ՀՀ ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» հասարակական կազմակերպության անունից իրականացրել են վերահսկողական գործառույթ․ կատարել են ուսումնասիրություններ, որը չի բխում իրենց լիազորություններից կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից»: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր