Առավել մանրամասն կուսակցության կողմից առաջիկայում կներկայացվի, կամ գուցե վարչապետը ներկայացնի, ես հիմա վարչապետի երեկվա ասածին ավելացնելու բան չունեմ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում ընտրությունների թեմային՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա խոսեց նաև Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին․
«Հայտնաբերում ենք, որ, ցավոք, մեր օրենսդրությունը ոչ բոլոր իրավիճակներին ու դեպքերին է հստակ պատասխանում։ Գյումրիում ստիպված ենք նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, ընդ որում, դեռ մեկ օրենսդրական փոփոխություն էլ պետք է արվի, քանի որ ԺՊ նշանակելու հնարավորություն էլ չկա։ Այսինքն, եթե ոչ մի փոփոխություն չարվի, կստացվի, որ Գյումրին առանց կառավարվելու կմնա»։
Նա ավելացրեց, որ այս իրավիճակում վարչապետը պետք է նշանակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար.«Հիմա այդ լիազորությունն ունի ՀՀ վարչապետը, բայց մենք ուզում ենք նշանակել այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել։ Մեզ սիրող- չսիրող, համախոհ և ոչ համախոհ գյումրեցիները կկարողանան իրենց կարծիքն արտահայտել։ Մեխանիզմի մասին առաջիկայում կիմանաք։
Գաղափարը հետևյալն է՝ ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի այն մարդը, ով կհամապատասխանի դրան, իհարկե, մեր համախոհության տրամաբանության շրջանակներում։ Բայց այդ մարդը պետք է անցնի ընտրական փուլով և լինի գյումրեցիների նախընտրելին։
Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում այլ ելք չկա՝ գյումրեցիները պետք է ստիպված գնան ընտրատեղամաս և ընտրեն հաջորդ 5 տարիների համար իրենց ավագանուն և համայնքի ղեկավարին»։
Նախարարը հավելեց՝ Գյումրիում խնդիրը լուծվելու է միայն արտահերթ ընտրություններով։