ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն մեկնել էր Անկարա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, գրում է ermenihaber.am-ը:
Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել էր ռուս- ուկրաինական պատերազմը, Գազայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում առկա խնդիրները: Անունը չհայտնած թուրք պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ Էրդողանի և Ռուտեի բանակցությունների օրակարգում պիտի լինեին նաև պաշտպանական մատակարարումների խոչընդոտների վերացման և ահաբեկչության դեմ ռազմական դաշինքի համատեղ պայքարի վերաբերյալ հարցեր։
Հանդիպումներին ներկա են եղել նաև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն Աթենքում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ:
Նշենք, որ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են։ Երկուսն էլ հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են 1952 թվականին։