Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: դրա մասին են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության տվյալները, գրում է aliq.ge-ն:
Ըստ այդ տվյալների՝ Վրաստանը 2024 թվականի վարկանիշում 53,05 միավորով 180 երկրների շարքում 103-րդ տեղում է։ 2023 թվականի համեմատ վարկանիշում նահանջել է 26 կետով. 2023 թվականին Վրաստանը 61,69 միավորով 77-րդ տեղում էր։
RSF-ի փոխանցմամբ՝ հարևան Հայաստանում մամուլի ազատության առումով իրավիճակը բարելավվել է. երկիրը ներկայումս 71,6 միավորով զբաղեցնում է 40-րդ տեղը։ 2023 թվականին Հայաստանը 70,61 միավորով 49-րդ տեղում էր։
2024 թվականի արդյունքներով` Ադրբեջանը 27,99 միավորով 164-րդ տեղում է, իսկ անցյալ տարի 39,99 միավորով 151-րդ տեղում էր։
Մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի առաջատար երկրներն են Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։